Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանրությունից եկող դիտարկումներն ու անհանգստությունները, արագորեն արձագանքում է և տալիս իր գործառույթներից բխող լուծումներ։ Այդ մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։
«Անդրադառնալով հայրենական կաթնամթերքի անվտանգության շուրջ վերջին շաբաթվա ընթացքում ծավալված հանրային քննարկումներին՝ ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ կաթնամթերք արտադրող ու իրացնող կազմակերպություններում Տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է վերահսկողական միջոցառումներ, հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների ու մանրէաբանական անհամապատասխանությունների մասին արվում է պատշաճ հանրային իրազեկում։
Հանրային քննարկումը կենտրոնացած է հիմնականում մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշի վրա, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք։
Տեղեկացնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սերտորեն համագործակցում է պետական բոլոր կառույցների, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։
ՀՎԿԱԿ-ը հստակեցրել է, որ ԱՑԽՄ-ի առկայությունը կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարության, ինչպես նաև մաքրման և ախտահանման գործընթացների հնարավոր թերությունների մասին։ ԱՑԽՄ խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին։ Դրանց մի մասը բնականորեն հանդիպում է մարդու և կենդանիների աղիքային միկրոֆլորայում, ինչպես նաև շրջակա միջավայրում՝ առանց պարտադիր հիվանդություն առաջացնելու։
Միաժամանակ, այդ խմբի առանձին որոշ շտամներ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել, և սննդի գործոնով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել։
Սպառողների անվտանգության ապահովումն առաջնահերթություն է, պատկան մարմիններն անում են հնարավորը՝ հանրության առողջությունը վտանգներից հեռու պահելու համար, աշխատում են հրապարակային և թափանցիկ՝ արագ հանրայնացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված ցանկացած խնդիր»,– ասվում է տարածված հաղորդագրության մեջ։