Հայր Խորեն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրում է.
Օրեր առաջ միայնակ մայր բարեկամուհիս, որը քաջածանոթ է իմ` «Հարսանեկան ծիսաշարի կանոնները և արարողությունները հայոց եկեղեցում» գրքին, ուշադրությանս հանձնեց երգիչ Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքում հնչած Նազենի Հովհաննիսյանի մի արտահայտությունը, թե հարսանիքի մեխը աղջկա և հոր պարն է: Նա նեղսրտած ասում էր, որ իմ գրքում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ հարսանիքի մեխը ամուսնացող զույգն է և Աստծո օրհնությամբ նրանց միությունը: Բայց եթե ականջ դնենք Նազենիի այս մտքին, ապա պիտի ենթադրենք, որ բարեկամուհուս դստեր հարսանիքը անկատար և թերի է լինելու` հոր հետ պար չլինելու պատճառով, քանզի իր աղջիկը հայր չունի:
Ես որոշեցի այս խնդրին հրապարակավ անդրադառնալ, երբ տեսա, որ Ն. Հովհաննիսյանն իր դիմատետրի էջում հայ իրականության համար պատկառելի` քառորդ միլիոն հետևորդ ունի:
Աղջկա և հոր պարը ԵՐԲԵՔ չի կարող լինել հարսանիքի մեխը: Այն չունի հայկական պատմական, ծիսական, ազգագրական որևէ հիմք: Այն սկիզբ է առել Միացյալ Նահանգներում 1900-ականներին և վերջին տասնամյակներում հոլիվուդյան ֆիլմերից ներթափանցել մեր կյանք: Այսօրվա մեր որոշ հարսանիքներից տպավորություն ես ստանում, կարծես հարսի հոր կամ փեսայի մոր բենեֆիսն է, այնինչ մեր ավանդության մեջ ծնողները, հատկապես հարսի ծնողները ամենազուսպ դերակատարումն են ունեցել, այնքան չափավոր են եղել, որ մինչև վերջերս Սյունիքում, Ջավախքում հարսի ծնողները փեսայի տան բուն խնջույքին գրեթե չեն մասնակցել:
Հայաստանում տասնյակ հազարավոր դեռատի, երտասարդ աղջիկներ, որոնք անհայր են տարբեր պատճառներով, երազում են պսակվել, մայրանալ: Նրանց Սուրբ պսակի օրհնությունը կամ հարսանիքը հայր չունենալու պատճառով երբեք թերի ու անկատար չի լինի: Ամուսնության «մեխը»`հրաշքը այն է, երբ օրվա Թագավորը և Թագուհին մտնում են եկեղեցի և Սուրբ պսակով դառնում մեկ մարմին: «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» Մատթեոս 19:5-6: