Խոշոր ավտովթար Սևան-Երևան ավտոճանապարհին․ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Սևանի գաղութի» հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։


Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։


shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են և նրանց 2 անչափահաս երեխաները։