Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են աշխատանքները Գյումրու այն հատվածներում, որտեղ ճանապարհաշինություն է իրականացվում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը Գյումրու այն հատվածներում, որտեղ իրականացվում կամ նախապատրաստվում են ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է մարզպետի աշխատակազմը։

Աշխատանքային խմբում ընդգրկված են Շիրակի մարզպետի աշխատակազմի, Գյումրու համայնքապետարանի և «ՀԷՑ» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի պատասխանատուները։


Աշխատանքային խմբի անդամներն արդեն եղել են քաղաքի մի շարք փողոցներում՝ տեղում ուսումնասիրելով ճանապարհաշինական աշխատանքների իրականացման ընթացքում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ աշխատանքներում առաջացած և առկա խնդիրները։

Հրատապ լուծում պահանջող հարցերը կդիտարկվեն և կլուծվեն անհապաղ։ Մնացած խնդիրները կգույքագրվեն, կսահմանվեն դրանց լուծման առաջնահերթությունները և կկազմվի համապատասխան աշխատանքների իրականացման ժամանակացույց։

Այս փուլում առաջնահերթությունը տրվում է արդեն առկա խնդիրների հնարավորինս արագ լուծմանը։ Միաժամանակ, նոր ծրագրերի մեկնարկից առաջ նախատեսվում է ապահովել անհրաժեշտ աշխատանքների պատշաճ և ժամանակին համակարգումը՝ հետագայում նման խնդիրների առաջացումը հնարավորինս կանխելու, թերացումները նվազեցնելու, ճանապարհաշինական ծրագրերի անխոչընդոտ իրականացումը ապահովելու նպատակով։