Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ աշխատակազմ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման, կրթության իրավունքի ապահովման, երեխայի անձնական տվյալների պաշտպանության, առցանց միջավայրում երեխայի անվտանգության,երեխայի աշխատանքային իրավունքների, ինչպես նաև երեխայի լավագույն շահի առաջնահերթության վերաբերյալ հարցեր:
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ: