«Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նորից խոսել է ընդդիմության համախմբման ու… առաջիկայում ցուցաբերվելիք դիմադրության մասին։ Մի գործողության, որը պետք է կատարվի իշխանությունների կողմից «հերթական կենսական զիջումներին» դիմակայելու համար։ Ավելին, դաշնակցական գործիչը հաթաթա է տվել այն ընդդիմադիրներին, ովքեր առաջիկա համախմբմանը դեմ են լինելու՝ դնելով նրանց «պատասխանատվության կանչվելու» հարցը։ «Ընդդիմության համախմբումը անհրաժեշտություն ա։ Էս վերջին շրջանում որ շատ ենք խոսում, քննարկումներ ունենում այդ մասին, տեսնում ենք ինչ-որ շրջանակներ, ու հետաքրքիր ա՝ ոչ միայն իշխանական դաշտից, այլև ընդդիմադիր, անհանգստության նշույլներ են ցույց տալիս։ Առնվազն այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է հանրությանը պատշաճ բացատրություն տան, թե ինչու»,- ազդարարել է Սաղաթելյանը՝ առանց հստակեցնելու, թե այդ ո՞ր ուժերին նկատի ունի, և արդյոք քանի՞սն են այդ ուժերը։ Դրանց մե՞ջ են, արդյոք, երրորդ նախագահի կուրացիայի ներքո գտնվողները։
Փաստորեն, դատելով Սաղաթելյանի խոսքից, ռադիկալ,
այն է՝ իշխանափոխությանը կողմ ընդդիմադիր դաշտն այնքան էլ հաշտ ու համերաշխ, միատարր
ու միասեռ չէ, ինչպես կարող է թվալ։ Կան ուժեր,
որոնք, այսպես ասած, սեպարատիստական գործելաոճ են դրսևորում, «դեմ կըլլան» հակաիշխանական
օրակարգով համախմբվելուն։ Բայց հաստատապես ոչ թե այն պատճառով, որ համաձայն են իշխանության
վարած քաղաքականությանը, այլ․․․
դեմ են Իշխան Սաղաթելյանենց
հետ համախմբվելուն։ Կարող ենք կռահել, թե ինչու՝ որտեղ «Իշխան ընդ փարթներս», էնտեղ
«կրախ» ու հիասթափություն։ «Կրախի» պատճառն էլ կարող ենք ենթադրել՝ ինքզինքը երևակայել
թույն լողորդ, փորձել մի քանի անգամ անցնել նույն գետն ու ջրասույզ լինել հենց գետի
մեջտեղում (տե՛ս դաշնակցականներից շատերի սիրելի ֆիլմի՝ «Եռանկյունի»-ի հերոս Մկրտիչի (Գասպարի) ցուցադրած «գասպարալողի» էպիզոդը):
Ի դեպ, ժամանակին, երբ հերթական ընդդիմադիր
շարժումը («Դիմադրության շարժում-2» կամ «Սրբազան-1») ձախողվեց, որի թիկունքում երևում
էին նույն ՀՅԴ-ի (և ոչ միայն) ականջները, Շիրակի թեմի առաջնորդ, Սաղաթելյանի ու մյուսների
կողմից այդքան հարգված-սիրված-պաշտելի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դիագնոզել էր
ձախողման պատճառը՝ նախկին նախագահների՝ Քոչարյանի և Սարգսյանի ստվերը իշխանափոխության
ծանր ու փափագելի գործին ոչ թե օգնող, այլ խանգարող հանգամանք լինելը։ Ե՛վ երկրորդ, և՛ երրորդ նախագահները, հիշեցնենք, Աջապահյանի հորդորով պետք է հեռանային
քաղաքական ասպարեզից։ «Սթափ բանականությունն
ու հաշվարկը դա է պահանջում: Եթե իրենք դա չգիտեն, նշանակում է՝ ոչ մի բան էլ չեն հասկանում:
Ե՛վ երկրորդ նախագահը, և՛ իր որդին պետք է հայտարարեն և փաստացի հեռանան: Նույնը վերաբերում
է երրորդ նախագահին, նա պետք է բաց թողնի այդ ՀՀԿ-ին: Ինչպես պատահական մտավ, այդպես
պատահական էլ պետք է դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ»:
Իշխան Սաղաթելյանն,
արդ, եթե այդքանից հետո չի հասկացել այսքանը՝ սրբազանի «շաքար խոսքը», ու դեռ շարունակում
է դիմադրել, ավելին՝ նոր դիմադրության շարժում սանձազերծելու պլան է մտմտում, ուրեմն
հասկանալու հետ կապված լրջագույն խնդիր ունի։ Այլապես կհամակերպվեր ժամկետանց, «պրոֆնեպրիգոդնի»
ընդդիմություն լինելու կարգավիճակի հետ, կհետևեր սրբազանի հորդորին ու դիմադրության
հերթական շարժումը բեմադրելու փոխարեն թույլ կտար, որ «ծանրաձողին մոտենան» չխայտառակված,
իրենց «հայաթի» լողավազանում լողալիս առնվազն չխորտակվող ընդդիմադիր ուժեր։
Հ.Գ. Ի դեպ, ընդդիմությունը շատ է հղում անում այն հանգամանքին,
որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ
ընդդիմադիր երեք «ֆավորիտ» ուժերը միասին հավաքել են ավելի քան 500 հազար ձայն։ Սաղաթելյանի
ու նրա դիմադրության նոր պլանը ենթադրյալ հավանության արժանացրած քաղուժերի հույսը
երևի թե այն է, որ համախմբում ասվածը ենթադրում է մեկ հրահանգով այդքան մարդուն փողոց
դուրս բերելը։ Մինչդեռ ընտրություններից հետո
ականատես եղանք հակառակ իրավիճակի՝ այդ 500 հազարի գոնե կեսը կամ կեսի կեսը փողոց դուրս
չեկավ ու չսատարեց ընդդիմությանը՝ բռնելու իշխանության ձեռքը և կանխելու ԲՀԿ-ի ձայները «գողանալը»։ Ավելին՝ ընդդիմությունն
անգամ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ՝ իր մեջ ուժ չգտավ ու չհամախմբվեց՝ մեկ
միասնական ճակատով հանդես գալու ու ձայների փոշիացումը կանխելու համար։
Հիշեցնենք,
որ ՀՅԴ-ն ու անձամբ Իշխան Սաղաթելյանը՝ որպես քաղաքական դաշտի գլխավոր-գերագույն «համախմբիչ»,
համախմբման մասին ճռճռան տեքստեր նախկինում էլ են ասել։ Նախորդ տարեվերջին էլ՝ հունիսի
7-ի ԱԺ ընտրություններից «մի ոտ շուտ», ԱԺ բարձր ամբիոնից «Հայաստան» խմբակցության անդամ դաշնակցական գործիչը հրովարտակ
հղեց՝ «մենք հավատում ենք, որ մեր երկրի ընդդիմադիր դաշտի ազգային-պետական
մտածողություն ունեցող հասարակական-քաղաքական շրջանակների հետ կկարողանանք միասին ձևավորել
դիմադրության ճակատ՝ Հայաստանի Հանրապետության ազգային շահերը պաշտպանելու և «չարիքի
իշխանության վերարտադրությունը կանխելու համար», «մենք հավատում ենք, որ մեր երկրի
ընդդիմադիր դաշտի ազգային-պետական մտածողություն ունեցող հասարակական-քաղաքական շրջանակները
կունենան այդ գիտակցությունը»։ Դեաժվյո՞ւ։
Ի դեպ, մենք դեռ այդ ժամանակ ավանսով կարեկցել
էինք (https://civic.am/news/106002) պարոն Սաղաթելյանին հերթական հիասթափությանն ու խայտառակությանը
բախվելու համար։ Ընտրությունների արդյունքներն ու հետագա «դիմադրազուրկ» զարգացումները
ապացուցեցին մեր կանխատեսումը։ Հայտնի իրողություն է՝ հնարավոր չէ ամեն անգամ նույն
դերակատարներով ու կազմով անել միևնույն բանն ու ակնկալել ուրիշ, տարբերվող արդյունք։
Հ. Մանուկյան