Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցության նախագծեր. Ալիևի ներկայացուցիչ

Վաշինգտոնի գագաթնաժողովի պահից սկսած մենք փաստացի ապրում ենք խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած ականազերծման թեմայով 4-րդ միջազգային համաժողովում՝ «Մարդասիրական ականազերծում քաղաքների վերակառուցման համար. անվտանգ բնակավայրերի համար կատարյալ ստանդարտների սահմանում»։


Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվել է, սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են փոխադարձ կապի և հաղորդակցության ոլորտներում նախագծեր։


«Միևնույն ժամանակ, մեր հասարակություններից ակնկալվում է նայել դեպի այլ ապագա։ Սա իսկապես պատմական հնարավորություն է։ Սակայն խաղաղությունը ստեղծվում է ոչ միայն քաղաքական համաձայնագրերով։ Խաղաղությունը պետք է տեսանելի և շոշափելի լինի տեղերում, մարդկանց առօրյա կյանքում։ Ադրբեջանում խաղաղությունը շոշափելի դարձնելու ամենամեծ խոչընդոտներից մեկը գտնվում է գետնի տակ»,- ասել է Ալիևի ներկայացուցիչը՝ նկատի ունենալով ականները և դա համարելով հոգեբանական հարված ընտանիքներին։ Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ պատերազմը դեռևս լիովին չի մնացել անցյալում, ինչը բացասաբար է ազդում հասարակության վստահության վրա: