Վրաստանում Դաուր Բուավայի մահվան գործով օտարերկրացի կին է ձերբակալվել՝ վտանգավոր վիճակում մարդուն թողնելու մեղադրանքով, հայտնել է երկրի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ Բուավան և կինը ընկերներ են եղել և Թբիլիսիի Դիդի-Դիգոմի թաղամասում գտնվող ժամանակավոր բնակարանում միասին թմրանյութ են օգտագործել։ Դրանից հետո երկուսի ինքնազգացողությունը վատացել է։
Քննության վարկածով՝ Բուավան գտնվել է կյանքի համար վտանգավոր վիճակում, սակայն կինը նրան մենակ է թողել, բնակարանը դրսից կողպել և հեռացել՝ առանց օգնություն կանչելու։
Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ և 128-րդ հոդվածներով՝ ինքնասպանության հասցնելու և վտանգավոր վիճակում թողնելու հատկանիշներով։ Քննությունը շարունակվում է։
31-ամյա Դաուր Բուավան հայտնի էր TikTok-ի իր տեսանյութերով։ Նա Վրաստանի քաղաքացի էր և հրապարակայնորեն քննադատում էր Աբխազիայի իշխանություններին ու ռուս-աբխազական կապերը։