Փեզեշքիանը հայտնել է, թե որ դեպքում Իրանը կբացի Հորմուզի նեղուցը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, երկրի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ելույթում, Հորմուզի նեղուցի վերաբացումը ուղղակիորեն պայմանավորել է Վաշինգտոնի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ, պատժամիջոցների չեղարկմամբ և իրանական ֆինանսական ակտիվների ապասառեցմամբ։



Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության ղեկավարի հայտարարությունը։



«Եթե Միացյալ Նահանգները կատարի իր պարտավորությունները, վերացնի շրջափակումն ու պատժամիջոցները, հանի նավթի և նավթաքիմիական արտադրանքի վաճառքի սահմանափակումները, ապասառեցնի մեր միջոցներն ու վերսկսի ներդրումները, ինչպես նաև դադարեցնի գործողությունները Լիբանանում և ստիպի Իսրայելին հետևել համաձայնեցված շրջանակին, ապա մենք ևս, համակարգի քաղաքականությանը համապատասխան, կբացենք Հորմուզի նեղուցը»,- ընդգծել է Փեզեշքիանը։



Օրեր առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Կատարի վարչապետ ու ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին քննարկել էին Հորմուզի նեղուցով նավագնացության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու հնարավորությունը:



Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց ի վեր՝ արդեն վեց ամիս Հորմուզի նեղուցով ծովային փոխադրումները խիստ սահմանափակված են, ինչը համաշխարհային շուկայում նավթի և գազի գների կտրուկ աճ է առաջացրել։



Հունիսին Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի խախտումից և ռազմական բախումների կարճատև վերսկսումից հետո, ԱՄՆ-ն հուլիսին հայտարարեց իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը վերականգնելու մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ արգելելով այն նավերի տարանցումը, որոնք նախապես համաձայնեցված չեն իրանական կողմի հետ։



Զուգահեռաբար, օգոստոսի 24-ին ԱՄՆ-ն մեկնարկեց Իրանի դեմ «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի փոխանցմամբ՝ տնտեսական ճնշման այս արշավի նպատակն է արգելափակել Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ Վաշինգտոնը նաև զգուշացրել է, որ երկրորդային պատժամիջոցներ կսահմանվեն այն բոլոր երկրների նկատմամբ, որոնք աջակցություն կցուցաբերեն Թեհրանին։