Շվեդիայի, Լեհաստանի, Նիդերլանդների և Իսպանիայի արտգործնախարարները Եվրամիությանը կոչ են արել վերանայել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը՝ Ուկրաինային ֆինանսավորելու նպատակով։ Այս մասին հայտնում է DW-ն՝ հղում անելով չորս երկրների համատեղ նամակին։
Նամակի հեղինակներն առաջարկում են Եվրահանձնաժողովի տեխնիկական փորձագետներին ԵՄ անդամ պետությունների հետ համատեղ մշակել ռուսական ակտիվների օգտագործման նոր մեխանիզմներ։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, որ հնարավոր ռիսկերը պետք է հավասարաչափ բաշխվեն ԵՄ բոլոր անդամների միջև, որպեսզի որևէ երկիր անհամաչափ ֆինանսական բեռ չկրի։
Չորս երկրների արտգործնախարարներն այս հարցին վերադառնալու անհրաժեշտությունը հիմնավորում են Ուկրաինայի ֆինանսական աճող կարիքներով։ Փաստաթղթում նշվում է, որ թեև Եվրամիության կողմից 2026-2027 թվականների համար համաձայնեցված 90 միլիարդ եվրոյի վարկը խիստ կարևոր է, սակայն ակնհայտ է, որ այն անբավարար է լինելու։
Ըստ դիվանագետների՝ ռուսական շարունակական հարձակումների ֆոնին պատերազմի ծախսերն ավելանում են, իսկ Մոսկվայի կողմից ագրեսիան դադարեցնելու որևէ ազդակ չկա։ Հետևաբար, Կիևին լրացուցիչ ֆինանսական աջակցություն կպահանջվի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով։
Նրանց համոզմամբ՝ սառեցված ակտիվների ներգրավումը թույլ կտա ստիպել Ռուսաստանին վճարել պատճառված վնասների համար, թեթևացնել եվրոպացի հարկատուների բեռը, ինչպես նաև լրացուցիչ ճնշում գործադրել Մոսկվայի վրա։