Մոսկվային մտահոգում են Հայաստանում ընդդիմադիրների ձերբակալությունները․ ՌԴ նախագահի օգնական

Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կքննարկեն Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու ձգտումներն ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության հարցերը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։



«Նախատեսում ենք զրույց ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է․ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ զգալի օգուտներ քաղելով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունից։ Այս հարցը որոշակի լուծում է պահանջում, և երկրների ղեկավարներն անկասկած կանդրադառնան դրան»,- նշել է Ուշակովը։



ՌԴ նախագահի օգնականն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող ձերբակալություններին՝ ընդգծելով, որ դրանք Մոսկվայում «մեծ մտահոգություն» են առաջացնում։



«Ակնհայտ է, որ այս հանդիպումը տեղի կունենա յուրահատուկ ֆոնին, երբ ընդդիմադիր գործիչները զանգվածաբար ձերբակալվում են, հատկապես նրանք, ովքեր հանդես են գալիս հայ-ռուսական ավանդական բարիդրացիական կապերի վերականգնման օգտին։ Հետևաբար, այս թեման նույնպես անպայման կքննարկվի։ Հայաստանի ղեկավարության որդեգրած այս քաղաքական գիծը մեզ համար խիստ մտահոգիչ է»,- հավելել է նա։



ՇՀԿ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։