Անհայտ հաքերներ կոտրել են բրիտանական ոստիկանության տվյալների բազան և դարքնեթում հրապարակել Մեծ Բրիտանիայի ուժային կառույցների ու պետական գերատեսչությունների շուրջ 114 հազար աշխատակցի անունները, կոնտակտային տվյալներն ու գտնվելու վայրի մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ես զբաղվում էի կազմակերպված հանցավորության գործերի քննությամբ և ճաղերի հետևում էի հայտնեցնում բարձրաստիճան հանցագործների։ Գաղտնի տեղեկատվության արտահոսքը լուրջ մտահոգություն է առաջացնում և վտանգի տակ է դնում ոստիկանության աշխատակիցների անվտանգությունը»,- պարբերականին ասել է կիբերհարձակման հետևանքով տուժած աշխատակիցներից մեկը։
Թերթի տեղեկություններով՝ հարձակվողները հասանելիություն են ստացել Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության և Թագավորական դատախազական ծառայության աշխատակիցների տվյալներին։ Արտահոսքը կարող է վտանգել մեծ թվով իրավապահների և պետական ծառայողների անվտանգությունը։
The Times-ի փոխանցմամբ՝ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է այն նույն հաքերային խմբավորումը, որը նախկինում կապվում էր նաև Մեծ Բրիտանիայի Կրթության նախարարության համակարգի կոտրման և շուրջ 600 հազար գաղտնի տվյալների արտահոսքի հետ։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հյուսիսարևելյան տարածաշրջանային բաժինը։