Մանդատը վայր դնելը լուրջ հետևանքներ կարող է ունենալ․ «Ուժեղները» հրաժարվում են վստահությունից

«Ուժեղ Հայաստանի»-ից մանդատաթափը շարունակվում է։ Երեկ ինքնաբացարկի դիմումներ են գրել և պատգամավորական մանդատներից հրաժարվել Լիլյա Շուշանյանը, Գոհար Մելոյանը և Ավետիս Առաքելյանը:


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։


Նա նշեց, որ պատասխանատու մանդատը վայր դնելը լուրջ հետևանքներ կարող է ունենալ, այսինքն՝ նշանակում է, որ քաղաքացիները, եթե իսկապես վստահել և ձայն են տվել, իրենք հրաժարվում են այդ վստահությունից։


«Այստեղ պետք է շատ ծանրակշիռ փաստեր լինեն, որ կարողանաս խուսափել պատասխանատվությունից։ Եվ պետք է իրենց ճշգրիտ մեկնաբանությունը լսել։ Կարծում եմ, որ ինչ-որ ոչ համոզիչ բաղադրիչ կա այս ամենի մեջ»,- ասաց պատգամավորը։


Խոսելով նաև ՌԴ սահմանափակումների ֆոնին ԵՄ աջակցության, արտահանման հետ կապված շահարկումների ու ապատեղեկատվության մասին՝ պատգամավորն ասաց, որ իրենք միշտ նշում են, բայց մարդիկ կարծես մատների արանքով են նայում, որ հիբրիդային պատերազմը ռեալ փուլում է, բազմաթիվ կենտրոններ փորձում են ազդել Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վրա, և այս ընթացքի մեջ մենք բազմաթիվ սուտ լուրեր տեսանք։


«Մենք հիմա այդ ուսումնասիրության մեջ ենք, կհասկանանք արդեն եվրոպական շուկայի պահանջները, որովհետև շատ դեպքերում աշխատելու ժամանակ է հստակեցվում, թե եվրոպացու քիմքին որն է ավելի հարմար, պայմանական ասած՝ մեր ծիրա՞նը, դե՞ղձը, թե՞ խնձորը կամ սալորը: Դրանք պետք է հասկանալ և նաև այն ստանդարտները, որ Եվրոպայում կան. պետք է այդ կերպ մոտենալ հարցերին։ Նույնիսկ ամենափոքր դետալներում նրբություններ կան։ Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մենք աշխատելու ընթացքում կտեսնենեք։ Մեկ տարվա ընթացքում կարող ենք ամբողջովին ունենալ համակարգված անելիքներ, որոնք պետք է սկսել արագ անել, որպեսզի մեկ-երկու տարի օգնելուց հետո Եվրոպան արդեն հանգիստ լինի, որ իր շուկայում հայկական ապրանքները տեղ ունեն, և դա լուրջ հնարավորություն է՝ քաղաքակիրթ աշխարհի հետ աշխատելու, բարձր որակ ապահովելու իմաստով»,- հավելեց պատգամավորը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան