«Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր». Ալիև

Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի 4-րդ գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։ 




Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40  հազար տոննա տարբեր բեռներ։




«Բացի դրանից, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, այսօրվա դրությամբ մատակարարվել է ավելի քան 10 հազար տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ բախվում են վառելիքի պակասի հետ, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Եթե դա չլիներ, Հայաստանը, հավանաբար, այսօր ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի այլ մասերում»,- ընդգծել է Ալիևը։