«Այսօր Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ և առևտրային հարաբերություններ հաստատում»․ Ալիևի նամակը Թրամփին

Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ։


Այս մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում։


«Մենք նաև մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման և տարածաշրջանում կայուն զարգացմանը նպաստելու գործում Ձեր վճռական ջանքերի համար։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ձեր նախաձեռնությամբ կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները բոլորովին նոր և դրական մթնոլորտ ստեղծեցին մեր տարածաշրջանում։ Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ։ Ես կցանկանայի նաև հատուկ նշել Ձեր երկրի մշտական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, հատկապես «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին, որը կապահովի այլընտրանքային, հուսալի և անվտանգ հաղորդակցություն Ասիայի և Եվրոպայի միջև»,- ասված է նամակում։