Ադրբեջանական գազի արտահանման մեծ մասը գնում է ԵՄ․ Իլհամ Ալիև

 Եվրոպական միության անդամ տասը երկրներ բնական գազ են ստանում Ադրբեջանից, և կա պոտենցիալ այդ մատակարարումների ընդլայնման համար:


Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանդես գալով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մամուլի համար համատեղ հայտարարությամբ :


Պետության ղեկավարը նշել է, որ չորս տարի առաջ ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին հուշագրի ստորագրումից ի վեր գազի արտահանումը ԵՄ երկրներ աճել է գրեթե 65%-ով. «Այսօր մեր գազի արտահանման կեսը բաժին է ընկնում Եվրոպական միության անդամ երկրներին, և ընդհանուր առմամբ ԵՄ անդամ 10 երկրներ հանդիսանում են ադրբեջանական գազ ստացողներ»:


Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այսօր էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի համար ազգային անվտանգության շատ կարևոր գործոն է:


«Ադրբեջանը զգալի քաղաքական ու դիվանագիտական ջանքեր է գործադրել, ֆինանսական միջոցներ է ներդրել սեփական նավթագազային ռեսուրսները Եվրոպա տեղափոխելու համար ենթակառուցվածքների կառուցման գործում: Հարավային գազային միջանցքը մեր համատեղ աշխատանքի արժանի օրինակ է: Այսօր 3500 կիլոմետր երկարությամբ այս ինտեգրված խողովակաշարային համակարգը ծառայում է որպես հիմնական զարկերակ՝ դեպի Եվրոպա ադրբեջանական բնական գազի մատակարարումների համար»,- եզրափակել է նախագահը: