Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

Վաղարշապատի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Էջմիածին քաղաքի բնակիչն անասնագոմում կանեփի բույս է աճեցում և մարիխուանա պահում։ 


 

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրան պատկանող տարածքից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 3 բույս, 259 գրամ մարիխուանայի նմանվող չորացրած և մանրացրած զանգված, ինչպես նաև 260 գրամ քաշով չորացված կանեփի բույս։


 

70-ամյա քաղաքացին ձերբակալվել և փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

 


Հունիսի 23-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Վաղարշապատի համայնքային ոստիկանները Արտիմետ բնակավայրում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի։


 

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն չորացրած, մանրացրած մոտ 2,6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

 


Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։


 

Երիտասարդն ու կազմված նյութերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։