Հոկտեմբերի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչություն է դիմել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Սեյրան Պ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 15-ին հայտնաբերել է, որ իր բնակարանի ննջասենյակի զգեստապահարանում գտնվող սև կաշվե կանացի պայուսակից և նույն պահարանի սրբիչների տակից բացակայում է իրենց ընտանիքին պատկանող մոտ 4 մլն դրամ գումարը։ Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ տանը գտնվող իրերն ու առարկաները գտնվում են իրենց տեղում՝ կանոնավոր դասավորված վիճակում, իսկ տան մուտքի դուռն ու պատուհաններն անվնաս են և սարքին վիճակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված գումարը գաղտնի հափշտակել է Սեյրան Պ․-ի որդին՝ Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Պ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են նաև, որ մասնավորապես, հուլիս ամսից սկսած որդին նշված զգեստապահարանից պարբերաբար գաղտնի վերցրել է տարբեր չափերի գումարներ, որոնք լիցքավորել է իր հորեղբոր դստեր՝ Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Սոնյա Պ․-ի անվամբ գրանցված «Adjarabet» բուքմեյքերական կայքէջում և պարտվել։