ԱՄՆ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության հիմնական պատճառը Իրանի դեմ պատերազմն է. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեվիդ Վենսը հայտարարել է, որ նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության հիմնական պատճառը դարձել է Իրանի դեմ պատերազմը։


Այս մասին Վենսը գրել է X-ի իր էջում։ Նա նշել է, որ հանրապետականների ընտրողները ներկայացել են ընտրություններին, սակայն նրանց մի մասն այս անգամ քվեարկել է դեմոկրատների օգտին։


Վենսի խոսքով՝ շատ ամերիկացիներ, որոնք 2024 թվականին աջակցել էին Դոնալդ Թրամփին և Ջեյմս Դեվիդ Վենսին, 2026 թվականի ընտրություններում իրենց ձայները տվել են դեմոկրատներին։


Հանրապետականների պարտության պատճառների թվում նա նշել է նաև ինֆլյացիայի աճը, ապրուստի արժեքը և Իսրայելի հետ հարաբերությունները։


Վենսն ընդգծել է, որ դեմոկրատների օգտին քվեարկած դժգոհ ընտրողներին կուսակցության շարքեր վերադարձնելու համար անհրաժեշտ է լուծել չորս առանցքային հարց․ դադարեցնել պատերազմը Իրանի դեմ, պայքարել ինֆլյացիայի դեմ, վերադառնալ «Ամերիկան՝ առաջին հերթին» քաղաքականությանը և փոխել հարաբերությունները Իսրայելի հետ։


Նա հիմնավորված է համարել նաև Ռեյչել Կամպոս-Դաֆիի դիրքորոշումը, ով ընտրարշավի ընթացքում հանդես էր գալիս հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին։


«Մեր պարտության պատճառը պատերազմն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես անցած գիշեր հայտարարեց այդ մասին։ Եթե ցանկանում եք ապացուցել, որ դա արժեր անել, որ առաջիկա վեց տարիների համար Սենատում տեղերի կորուստը կարելի է արդարացնել, արեք դա։ Ասացեք, որ դա ընդունելի գին է։ Համաձայնեք կամ մի համաձայնեք, բայց առնվազն դա կլինի ազնիվ դիրքորոշում։ Այնուամենայնիվ, բոլորը գիտեն, թե ինչու մենք պարտվեցինք։ Հետագա անելիքների ցանկացած անկեղծ քննարկում պետք է սկսվի հենց դրանից։ Ես նախկինի պես հավատում եմ մեր երկրին»,- գրել է Վենսը։


Նա նաև կոչ է արել հանրապետականներին դասեր քաղել ընտրությունների արդյունքներից և շարունակել աշխատանքը հանուն երկրի ապագայի։