Վրաստանի ռազմավարական ընտրությունը ԵՄ-ին ինտեգրումն է․ Մակա Բոչորիշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ երկրի ռազմավարական կուրսը նախկինի պես ուղղված է Եվրոպական միության հետ ինտեգրմանը:


Այս մասին նա ասել է լրագրողներին՝ Խորվաթիայում Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում նախատեսված պանելային քննարկմանը մասնակցելուց առաջ:


Բոչորիշվիլիի խոսքով՝ այս տարվա քննարկումները նվիրված են բազմավեկտոր դիվանագիտությանը, և այդ թեման առանձնահատուկ նշանակություն ունի Վրաստանի համար ինչպես աշխարհագրական դիրքի, այնպես էլ աշխարհաքաղաքական իրողությունների տեսանկյունից:


Բոչորիշվիլին նշել է, որ Վրաստանն ընդլայնում է գործընկերային կապերը տարբեր երկրների հետ՝ ձգտելով ավելի արդյունավետ օգտագործել իր հնարավորությունները տարածաշրջանային փոխկապակցվածության և տարանցման (տրանզիտի) ոլորտում:


Նախարարն ընդգծել է, որ այս քաղաքականությունը չի նշանակում Վրաստանի ռազմավարական արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն.


«Վրաստանի ռազմավարական ընտրությունը Եվրոպական Միությանն ինտեգրումն է, և դա մեզ համար կարևոր ուղղություն է»: