ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս

Եվրամիությունը Հայաստանի համար աջակցության ծրագիր կպատրաստի՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումների։ Factor.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից և ՀՀ  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նրանց բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։


 Նա նշել է, որ անցյալ շաբաթ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հստակ ուղերձ են հղել։ «Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, ինքնիշխանության ու Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին։ Ռուսաստանի ծանր ճնշումն ու տնտեսական հարկադրանքը չկարողացան ազդել քվեարկության վրա։ 


Այսօր նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք հետագայում ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան։ ԵՄ-ն արդեն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել Ռուսաստանի անարդար առևտրային սահմանափակումներին։ Մեր նոր ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում շուտով կսկսի աշխատանքը՝ կիբերհարձակումների, անօրինական ֆինանսական հոսքերի և այլ սպառնալիքների դեմ պայքարելու համար»,-հայտարարել է Կալլասը։