«Արկածախնդրություն չփնտրեք». Էրդողանը նախազգուշացրել է Հունաստանին և Հարավային Կիպրոսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Հունաստանի և Հարավային Կիպրոսի վարչակազմի հասցեին նախազգուշացմամբ։


Իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ելույթ ունենալով՝ Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հունաստանը և Հարավային Կիպրոսը Իսրայելի հետ միասին դաշինք են կազմել ընդդեմ Արևելյան Միջերկրական ծովում թուրքական և մուսուլմանական ներկայության, իսկ նրանց քաղաքական գործիչները զբաղվում են սադրիչ գործողություններով և հռետորաբանությամբ։


Թուրքիայի նախագահը զգուշացրել է Հունաստանին և Հարավային Կիպրոսին տարածաշրջանում «արկածախնդրություն» չփնտրել։


«Մենք տեսնում և ուշադիր հետևում ենք Միջերկրական ծովում և Կիպրոսում լարվածության օջախներ բորբոքելու փորձերին։ Թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի։ Եթե Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի և կիպրաթուրքերի իրավունքներն ու օրինական շահերը սպառնալիքի տակ հայտնվեն, ապա մեր պատասխանը կլինի շատ կոշտ և վճռական»,- ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։


Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է Հալեպից, Դամասկոսից և Բեյրութից։