ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։


 

X-ի իր էջում Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է․


 

«Մենք առաջընթաց ենք գրանցել ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում։


 

Ես գիտեմ՝ այն հայերի համար մեծ նշանակություն ունի։


 

Այն կարևոր նշանակություն ունի նաև ԵՄ-ի համար, քանի որ սրա արդյունքում մեր ժողովուրդները ավելի են մոտենում իրար։ Ես վստահ եմ՝ մենք կհասնենք ցանկալի արդյունքին»։


 

Նմանատիպ մի գրառում է կատարել նաև ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները․


 

«Հայաստանից այսօր շատ դրական ազդակներ ենք ստանում. վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկում ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության և սահմանների կառավարումը ամրապնդելու ուղղությամբ։


 

Սրանք վիզաների ազատականացման գործընթացի հիմնական պահանջներն են»։