Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ երկրները շարժվում են դեպի խաղաղություն. Հաջիև

Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր։


Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։


Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի խաղաղություն, և միջազգային գործընկերները չպետք է տարածաշրջանը վերադարձնեն հնացած պատմությունների։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 29-ի առավոտյան Երևան է ժամանել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող օդանավը, որը տեղափոխել է տեղի պատվիրակությանը փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը: