Եվրոպական խորհրդարանն առաջարկում է բարձրացնել ԵՄ բյուջեն մինչև 2 տրիլիոն եվրո. ո՞ւր կուղղվեն միջոցները

Եվրոպական խորհրդարանն առաջարկել է 2028–2034 թվականների համար ԵՄ երկարաժամկետ բյուջեն ավելացնել մինչև շուրջ 2 տրիլիոն եվրո, ինչը 10%-ով գերազանցում է Եվրահանձնաժողովի սկզբնական առաջարկը:


Այս առաջարկն արժանացել է պատգամավորների աջակցությանը ապրիլի 28-ին կայացած լիագումար նիստի քննարկումների ժամանակ: Պատգամավորների կարծիքով՝ բյուջեն պետք է կազմի ԵՄ համախառն ազգային եկամտի 1,27%-ը։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է NextGenerationEU վերականգնման հիմնադրամի պարտքերի մարման ծախսերը դուրս բերել բյուջետային սահմանափակումների շրջանակից:


Լրացուցիչ միջոցները նախատեսվում է ուղղել պաշտպանությանը, նորարարություններին, «կանաչ» և թվային փոխակերպմանը, ինչպես նաև ենթակառուցվածքներին: Ընդ որում, խորհրդարանը պնդում է պահպանել գյուղատնտեսության և տարածաշրջանային զարգացման ֆինանսավորումը:


«Մենք որդեգրել ենք ամուր դիրքորոշում՝ համատեղելով նոր առաջնահերթությունները ավանդական ծրագրերի աջակցության հետ», — հայտարարել է համազեկուցող Զիգֆրիդ Մուրեշանը:


Պատգամավորները կողմ են նաև եկամուտների նոր աղբյուրների ներդրմանը, որոնք տարեկան կարող են ապահովել շուրջ 60 միլիարդ եվրո, ներառյալ թվային ծառայությունների և կրիպտոակտիվների հնարավոր հարկերը: