Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին կկանչվի Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանի նկատմամբ ԵՄ բյուրոկրատիայի ներկայիս դիրքորոշումը մտահոգություն է առաջացնում։
«Մենք հնարավորություն կունենանք Պավել Հերչինսկու հետ արտաքին գործերի նախարարությունում քննարկել այն հարցերը, որոնք արդարացիորեն վրդովմունք են առաջացնում Վրաստանի քաղաքական հասարակության մեջ», — հավելել է նախարարը։
Նշենք, որ նախօրեին Պավել Հերչինսկին հայտարարել էր, որ Վրաստանը գտնվում է խաչմերուկում։ Նրա խոսքով՝ երկրի ապագան կախված է այն որոշումներից, որոնք կընդունվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Դիվանագետն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ Վրաստանի վերադարձը դեպի «մութ ժամանակաշրջան», որը բնորոշվում է քաղաքացիական պատերազմով, աղքատությամբ, զրկանքներով և կոռուպցիայով։