Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումից հետո Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ամմանում նախատեսված հանդիպմանը, հայտնում է Associated Press-ը:
Ամմանի գագաթնաժողովին, Բայդենից բացի, պետք է մասնակցեին նաև Հորդանանի թագավորը և Եգիպտոսի նախագահը։ Կողմերը պետք է քննարկեին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը դադարեցնելու ուղիները, այդ իրադարձությունների հետևանքները տարածաշրջանի վրա և Գազայի հատվածին մարդասիրական օգնության տրամադրումը:
Աբբասի՝ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությունից հետո Հորդանանի իշխանությունները հայտարարել են, որ չեղարկում են Ամմանում նախատեսված գագաթնաժողովը:
Associated Press-ի աղբյուրը հայտնել է, որ Աբբասն այդ որոշումը կայացրել է՝ ի նշան Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հրթիռային հարձակման դեմ բողոքի, որի հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով հարյուրավոր զոհեր կան. ՀԱՄԱՍ-ը հարձակման համար մեղադրում է Իսրայելին, վարչապետ Նեթանյահուն էլ հայտարարել է, որ հիվանդանոցի վրա հարձակման հետ իսրայելցի զինվորականները կապ չունեն: