Խորհրդատվական նոր պլան. Ռուսաստանն ու Թուրքիան սահմանել են առաջիկա երկու տարվա առաջնահերթությունները

Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրել են միջգերատեսչական «2026-2027 թվականների խորհրդատվական գործողությունների պլանը»։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։


Հաղորդվում է, որ բանակցություններն անցել են փակ ձևաչափով։


«Հանդիպման արդյունքներով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են «Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության միջև 2026–2027 թվականների խորհրդատվական գործողությունների պլանը»», — նշել են գերատեսչությունում։


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Լավրովն ու Ֆիդանը քննարկելու են երկկողմ և միջազգային արդիական թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության նախագծի իրականացումն ու «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների շահագործումը։