ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ ապրիլի 16-ին տեղի կունենա տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին ասված է ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ալեքսեյ Օվերչուկը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի միջոցառումներին, որը կկայանա ապրիլի 16-ին»։
Մանրամասնվում է, որ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ կողմերը կքննարկեն հանձնաժողովի 23-րդ նիստի (որը տեղի էր ունեցել Աստրախանում 2025 թվականի օգոստոսի 22-ին) որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև ռուս-ադրբեջանական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման միջոցառումների պլանի իրականացումը։
Հանդիպման ընթացքում կդիտարկվեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։