Խմելու ջուրը՝ միայն խմելու համար. ՀԾԿՀ-ն խստացնում է ոռոգման նպատակով ջրի օգտագործման կարգը

Հայաստանում ոռոգման նպատակով խմելու ջրի օգտագործումը կսահմանափակվի։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ:


ՀԾԿՀ որոշումներից մեկը, մասնավորապես, վերաբերում է այն դեպքերին, երբ հողամասերի սեփականատերերն իրենց չբնակեցված շինությունները (օրինակ՝ վագոնները) ձևակերպում են որպես բնակելի։ Գործող օրենսդրության համաձայն` ջրամատակարարման օպերատորը պարտավոր է ջուր մատակարարել նրանց, բայց գործնականում այն օգտագործվում է որպես ոռոգման լրացուցիչ աղբյուր:


Հանձնաժողովը որոշում է կայացրել գյուղատնտեսական հողամասեր ջրամատակարարում իրականացնել միայն այն դեպքում, եթե առկա է փաստացի ապրող մարդկանցով բնակելի շենք:


ՀԾԿՀ մյուս որոշումը վերաբերում էր բնակելի շենքերի կառուցապատողներին։ Սկզբում նրանք ջրամատակարարման հայտեր էին ներկայացրել՝ ելնելով ապագա բնակարանների քանակից` չնայած այն հանգամանքին, որ շինարարությունը սովորաբար տևում է 2–3 տարի։


Այժմ շինարարության փուլում մատակարարվող ջրի ծավալը կսահմանափակվի շինհրապարակում եղած իրական կարիքներից ելնելով։ Շենքը շահագործման հանձնելուց հետո ջրամատակարարումը կավելացվի ըստ բնակարանների քանակի։