Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում. Կոբախիձեն՝ Ալիևին

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ներդրումն ունենալ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցի ժամանակ։


«Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասի երկրների միջև խաղաղ գոյակցությանը և կառուցողական համագործակցությանը, ինչպես նաև դրան ուղղված նախաձեռնություններին։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք մեր դրական ներդրումն ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Կոբախիձեն։


Նա նշել է Հարավային Կովկասի երկրների համագործակցության կարևորությունը տարածաշրջանի համար։ Վրաստանի վարչապետը նաև ընդգծել է Միջին միջանցքի աճող դերը՝ համաշխարհային իրավիճակի ֆոնին։

 

Այսօր՝ ապրիլի 6-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Թբիլիսի, որի ընթացքում տետ ա տետ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: