Էրդողանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Իսրայելում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Anadolu-ի փոխանցմամբ՝ դրա մասին է վկայում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարությունը։

Հայտարարության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը, խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։

Էրդողանը զրուցակցին ասել է, որ Գազայում անմեղ քաղաքացիական անձանց նկատմամբ մարդու իրավունքների խախտումներն անընդունելի են։

Նա հայտնել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում այդ մարդկանց օգնություն հասցնելու համար, և ընդգծել է, որ հատկապես արևմտյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությունը նվազեցնելու համար և խուսափեն գործողություններից, որոնք չեն նպաստում խաղաղությանը: 

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է անսա Թուրքիայի առաջարկներին՝ հարցը լուծել երկու պետությունների ստեղծման հիման վրա, և եթե անկեղծ մոտենան դրան, ապա կարելի է գտնել այնպիսի լուծում, որը խաղաղություն կբերի ինչպես տարածաշրջանին, այնպես էլ ողջ աշխարհին։