«Տագնապալի ազդակ»․ Կայա Կալասը՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին ԱՄՆ հայտարարությունների մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ում հնչող հայտարարությունները գնահատել է որպես «տագնապալի ազդակ»՝ ընդգծելով, որ նման դիրքորոշումներն ու դաշնակիցների միջև տարաձայնությունները կարող են շահարկել հակառակորդները, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինը։


Կալասը նաև չի համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումների հետ, թե ՆԱՏՕ-ն չի աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններում։ Նրա խոսքով՝ դաշինքին նման հարցով որևէ պաշտոնական դիմում չի ներկայացվել։


«Մի կողմից հայտարարություններ են արվում, թե գործընկերների կարիք չկա, մյուս կողմից հնչում է քննադատություն, թե ինչու նրանք աջակցություն չեն ցուցաբերում։ Նման հարցերը մամուլի միջոցով չեն լուծվում», -նշել է Կալասը։


Նա հավելել է, որ ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումների պայմաններում Եվրամիությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սեփական պաշտպանունակության ամրապնդմանը։


Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն բնութագրել էր որպես «թղթե վագր»՝ պնդելով, որ այդ մասին տեղյակ է նաև Ռուսաստանի նախագահը։ Նա նաև նշել էր, որ լրջորեն դիտարկում է դաշինքից դուրս գալու հնարավորությունը և դաշնակիցներին մեղադրել էր Իրանի շուրջ ԱՄՆ-ին չաջակցելու համար։