Եվրոպական հանձնաժողովը շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ օգտագործելով Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացվող եկամուտները։ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվել է լրացուցիչ 80 միլիոն եվրո։
Նրա խոսքով՝ այս միջոցները ստացվել են Ռուսաստանի սառեցված ակտիվների կառավարման արդյունքում ձևավորված եկամուտներից։ Կալասը ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել նման աջակցությունը՝ միաժամանակ ուժեղացնելով քաղաքական և տնտեսական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։
«Այս պատերազմն ավարտելու ճանապարհը Մոսկվայի հետ առճակատումն է, այլ ոչ թե նրան պարգևատրելը։ Ոչ թե պատժամիջոցների թուլացումը, այլ դրանց խստացումը»,- նշել է նա։
Կալասը նաև հայտնել է, որ Եվրամիությունում պատրաստ է պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթը։ Նրա խոսքով՝ առաջիկայում ավելի խիստ վերահսկողություն կսահմանվի հատկապես Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նկատմամբ, որը օգտագործվում է գործող սահմանափակումները շրջանցելու համար։
Եվրամիության այս քայլը դիտվում է որպես Ուկրաինային շարունակական աջակցության և Ռուսաստանի նկատմամբ ճնշման քաղաքականության մաս՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։