Հորմուզի նեղուցում նավագնացությունը գրեթե կանգ է առել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) հայտնել է, որ Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը կտրուկ նվազել է՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների ֆոնին։


Զեկույցի համաձայն՝ նավագնացությունը նեղուցում փաստացի կաթվածահար է․ տարանցիկ հոսքը նվազել է ավելի քան 95%-ով։ Եթե փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում օրական միջինը կազմել է շուրջ 103 նավ, ապա մարտի սկզբին այդ թիվը չի գերազանցել 10-ը։


Կազմակերպությունը զգուշացնում է, որ իրավիճակը լուրջ ռիսկեր է ստեղծում համաշխարհային տնտեսության համար։ Հորմուզի նեղուցը հանդիսանում է համաշխարհային էներգակիրների հիմնական փոխադրման ուղիներից մեկը, որով անցնում է նավթի և հեղուկ գազի զգալի մասը։


UNCTAD-ի տվյալներով՝ նավագնացության կտրուկ անկումը արդեն հանգեցրել է էներգիայի և պարարտանյութերի մատակարարման խափանումների, ինչպես նաև մեծացրել է համաշխարհային շուկաներում գների աճի վտանգը։


Փորձագետների գնահատմամբ՝ ճգնաժամի երկարաձգումը կարող է խորացնել էներգետիկ և պարենային խնդիրները՝ հատկապես ազդելով խոցելի տնտեսությունների վրա։