Թուրքիան դատապարտում է Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դատապարտել է Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա։ Այս մասին Ֆիդանը հայտարարել է Դոհայում իր կատարացի գործընկեր շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


Ֆիդանը նշել է, որ Կատարը հարձակման է ենթարկվել՝ հանդես գալով որպես միջնորդ։


«Նրանք ենթարկվել են մի հարձակման, որին բացարձակապես արժանի չէին, և այդ հարձակումը շարունակվում է մինչ օրս։ Նախևառաջ ցանկանում եմ փոխանցել թուրք ժողովրդի և մեր նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողանի) ցավակցությունները մեր կատարցի եղբայրներին։ Մենք դատապարտում և մերժում ենք հարձակումները, որոնք անտեսում են խաղաղ բնակիչների կյանքը և թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նման հարձակումները ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել։ Թուրքիան կա և միշտ կլինի իր եղբայրական երկրի՝ Կատարի կողքին», — հայտարարել է նա։


Անդրադառնալով մարտի 18-ին Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում քննարկված թեմաներին՝ Ֆիդանը նշել է, որ շարունակվող պատերազմը սպառնում է տարածաշրջանի եղբայրական երկրների անվտանգությանը և խաթարում կայունությունը։


«Պատերազմի սկզբից (փետրվարի 28 - խմբ.) ի վեր մենք առաջին անգամ ենք հավաքվել նման ձևաչափով։ Էր-Ռիադում կայացած հանդիպմանը շեշտվել է Իրանի հարձակումներն անհապաղ դադարեցնելու պահանջը։ Հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով՝ նախքան այն կտարածվի ավելի ընդարձակ տարածքների վրա», — ասել է Ֆիդանը։


Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս չափազանց զգայուն իրավիճակում անհրաժեշտ է հստակորեն հիշեցնել Իրանին իր «պատմական պատասխանատվության» մասին։


Միևնույն ժամանակ նա հավելել է, որ տարածաշրջանը ճգնաժամի մեջ գցող հակամարտության մեղավորն Իսրայելն է։