90 միլիարդ եվրոյի առաջին տրանշը Ուկրաինային կարող է տրամադրվել ապրիլի սկզբին․ ԵԽ

Եվրոպական խորհուրդն ակնկալում է, որ Ուկրաինային տրամադրվող ընդհանուր 90 միլիարդ եվրո վարկի առաջին տրանշը կփոխանցվի մինչև ապրիլի սկիզբ։ Այս մասին նշված է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ, որին առցանց ձևաչափով մասնակցել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Այս հայտարարությանը միացել են եվրոպական 25 պետություններ՝ բացառությամբ Հունգարիայի և Սլովակիայի։ Նշվում է, որ չնայած Բուդապեշտի կողմից այդ միջոցների հատկացման արգելափակմանը, Եվրոխորհուրդը հույս ունի ելք գտնել ստեղծված փակուղային իրավիճակից։


Եվրոխորհուրդը նաև կոչ է արել ակտիվացնել աշխատանքը երրորդ երկրների հետ՝ օգնելու ծածկել 2026-2027 թվականների համար Ուկրաինային անհրաժեշտ միջոցների մնացած դեֆիցիտը, որը կազմում է 30 միլիարդ եվրո։


Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն նախկինի պես վճռական է էլ ավելի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և թուլացնել նրա ռազմական տնտեսությունը, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմը և անցնի խաղաղության շուրջ կառուցողական բանակցությունների։ Այս համատեքստում Խորհուրդն ակնկալում է պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուտափույթ ընդունումը և ընդգծում է ՌԴ էներգետիկ եկամուտների հետագա կրճատման ու ռուսական բանկային համակարգի սահմանափակման կարևորությունը։


ԵՄ առաջնորդները նաև կոչ են արել բոլոր երկրներին անհապաղ դադարեցնել ցանկացած՝ ուղղակի կամ անուղղակի օգնության ցուցաբերումը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ նրա ագրեսիվ պատերազմում, մասնավորապես՝ երկակի նշանակության ապրանքների և բաղադրիչների մատակարարման միջոցով։


«Մասնավորապես, վճռականորեն դատապարտում ենք ԿԺԴՀ-ի զինված ուժերի տեղակայումը Ուկրաինայի դեմ պատերազմում, ինչպես նաև շարունակվող ռազմական աջակցությունը, որը ցուցաբերվում է, մասնավորապես, Իրանի, Բելառուսի և ԿԺԴՀ-ի կողմից», — ասված է փաստաթղթում։