ԵՄ-ն կարող է դատի տալ Օրբանին Ուկրաինային տրամադրվող վարկին դիմադրելու համար. Politico

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ կարող են դատական հայց ներկայացնել՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի հատկացման վրա վետո դնելու պատճառով։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ հինգ դիվանագետների և եվրոպական կառավարության մի նախարարի։


«Թե կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկի ԵՄ-ն վերընտրված Օրբանին սանձելու համար, մնում է բաց հարց։ <...> Այլ իրավական տարբերակներ արդեն դիտարկվում են, այդ թվում՝ Օրբանին դատարանի առաջ կանգնեցնելը վարկի տրամադրումը խոչընդոտելու համար», — նշված է նյութում։


Օրբանի շուրջ օղակը սեղմվում է թե՛ Բրյուսելում, թե՛ Հունգարիայի ներսում. Այսօր Օրբանը կարող է կրկին արգելափակել վարկը, սակայն դա կարող է լինել վերջին անգամ։ Ապրիլի 12-ի ընտրություններում Օրբանի մրցակից Պետեր Մադյարը, ըստ հարցումների, նրան գերազանցում է 9 տոկոսային կետով։


Եվրոպական քաղաքական գործիչները հույս ունեն, որ Մադյարի հաղթանակի դեպքում Բուդապեշտը կդառնա ավելի կառուցողական։ Եթե Օրբանը վերընտրվի, ԵՄ երկրների միջև սպասվում է «լուրջ խոսակցություն» հետագա գործողությունների շուրջ։