Իրանի զինված ուժերը թույլ չեն տա «մեկ լիտր նավթ» դուրս բերել Հորմուզի նեղուցով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողության պայմաններում, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Սարդար Նաինին՝ արձագանքելով Մայամիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին։
«Իրանի
զինված ուժերը ԱՄՆ բանակի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի և նրա ենթակառուցվածքների դեմ շարունակվող ագրեսիայի պայմաններում թույլ չեն տա տարածաշրջանից մեկ լիտր նավթ արտահանել՝ մինչև հետագա
ծանուցում»,- ասել է նա, փոխանցում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Fars լրատվական գործակալությունն էլ, հղում
անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Իրանը շարունակում է պահպանել Հորմուզի
նեղուցի լիակատար վերահսկողությունը։ Գործակալության պնդմամբ՝ նեղուցը փակ է
ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների նավերի համար, «և նրանք չեն կարողացել անցկացնել
մեկ լիտր նավթ»։ Միևնույն ժամանակ, նշում է գործակալությունը, այս երթուղին բաց է
Չինաստանի և Իրանին «բարեկամ» երկրների համար, և էներգետիկ փոխանակումը
շարունակվում է առանց խնդիրների։
ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփն իր TruthSocial սոցիալական ցանցի էջում այս առնչությամբ գրել
է, որ ԱՄՆ-ն Իրանին «20 անգամ ավելի ուժեղ» կհարվածի, եթե Թեհրանը դադարեցնի նավթի
մատակարարումը Հորմուզի նեղուցով։
«Եթե
Իրանը որևէ գործողություն ձեռնարկի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի
նեղուցով, Ամերիկայի Միացյալ Նահանգները նրանց 20 անգամ ավելի ուժեղ կհարվածի, քան
մինչ այժմ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա
հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ոչնչացնել խոցելի թիրախները, ինչը
Իրանի վերականգնումը որպես ազգ «գործնականում անհնար» կդարձնի։ «Մահ, կրակ և
զայրույթ կթափվի նրանց վրա»,- նախազգուշացրել է Թրամփը։