Հույս ունենք՝ Եվրամիությունում մեկ անձը չի արգելափակի 90 միլիարդը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել «Եվրամիությունում մեկ մարդու» հասցեն, եթե նա շարունակի արգելափակել Կիևին տրամադրվող եվրոպական օգնությունը։ Զելենսկու ելույթի տեսանյութը հրապարակել է Unian գործակալությունը։


Ուկրաինայի նախագահը չի նշել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, սակայն ակնարկը վերագրվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։


«Մենք հույս ունենք, որ Եվրամիությունում մեկ անձը չի արգելափակի 90 միլիարդ եվրոն կամ դրա առաջին տրանշը, և որ ուկրաինացի զինվորները կունենան անհրաժեշտ զենքը։ Հակառակ դեպքում մենք այդ մարդու հասցեն կտանք մեր զինված ուժերին։ Թող նրանք զանգահարեն և շփվեն նրա հետ իրենց լեզվով»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան այս ֆինանսավորմանը այլընտրանք չունի։


Զելենսկու հայտարարությանն արձագանքել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող սպառնալ Հունգարիային կամ նրա վարչապետին։


«Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Հունգարիային միայն այն պատճառով, որ մենք հրաժարվում ենք վճարել Ուկրաինայում պատերազմի գինը և չենք հանդուրժում Ուկրաինայի պատճառով էներգակիրների գների բարձրացումը»,- գրել է Սիյարտոն X սոցիալական ցանցում։


Նշվում է, որ հարցը նախատեսվում է քննարկել Եվրոպական խորհրդի մարտի 19-ին կայանալիք նիստում։ Կիևը հույս ունի, որ այդ քննարկման արդյունքում կընդունվի դրական որոշում։


Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հունգարիան արգելափակում է Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Խոսքը մոտ 90 միլիարդ եվրոյի վարկի մասին է, որից շուրջ 60 միլիարդը նախատեսված է Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար։


Բուդապեշտը իր վետոն բացատրում է նրանով, որ Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Հունգարիան այլևս չի ստանում ռուսական նավթ՝ պնդելով, որ Կիևը չի իրականացրել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները։