Այսօր Իրանի կողմից ահաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի և ադրբեջանական պետության դեմ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի Անվտանգության խորհրդի նիստում։
«Իրանական պետությունը անօդաչու թռչող սարքերի միջոցով ռմբակոծել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը։ Թիրախը եղել են քաղաքացիական օբյեկտները։
Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դրա տերմինալի շենքը, դպրոցը և այլ ուղղություններ ենթարկվել են ուխտադրուժ ռմբակոծության Իրանի կողմից։ Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը. այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ Իրանի պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից, իսկ այս ահաբեկչության մեղավորները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, կհանձնվի բողոքի նոտա, ձեռնարկվել են այլ դիվանագիտական քայլեր։ Տրվել են համապատասխան հրահանգներ սահմանի վերաբերյալ, նշել է Ադրբեջանի
նախագահը։
«…Մեր զինված ուժերը՝ պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանային ծառայությունը և հատուկ նշանակության մյուս բոլոր ուժերը բերվել են թիվ մեկ մոբիլիզացիայի վիճակի և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Առայժմ այսքանը»,- ասել
է Ադրբեջանի նախագահը։