Պակիստանը դիմել է Իրանին՝ կոչ անելով զերծ մնալ Սաուդյան Արաբիայի դեմ ռազմական գործողություններից։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը, հայտնում է Ary News-ը։
«Փոխվարչապետը հայտարարել է, որ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտպանության ոլորտում առկա է համաձայնագիր։ Պակիստանը կապ է հաստատել Իրանի հետ և խնդրել նրան չհարձակվել Սաուդյան Արաբիայի վրա», — ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ Պակիստանի ԱԳՆ ղեկավարի՝ բանակցություններն ընթացել են հետևյալ տրամաբանությամբ.
Թեհրանն իր հերթին երաշխիքներ է պահանջել, որ Սաուդյան Արաբիայի տարածքը չի օգտագործվի իր դեմ (ամերիկա-իսրայելական հարվածների համար)։ Հաղորդվում է, որ Պակիստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան տրամադրել է անհրաժեշտ երաշխիքները։
Նշենք, որ Իրանի ԻՀՊԿ հրամանատարությունը սպառնացել էր հարվածել տարածաշրջանի «բոլոր տնտեսական կենտրոններին», եթե իրենց երկրի դեմ հարձակումները շարունակվեն։ Պակիստանի միջամտությունը կրիտիկական է, քանի որ Իսլամաբադը պարտավորված է պաշտպանել Սաուդյան Արաբիան պաշտպանական պայմանագրով։ Պակիստանը փորձում է կանխել լայնամասշտաբ սուննի-շիա բախումը, որը կարող է բռնկվել Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով։