Զելենսկին ԱՄԷ-ին օգնություն է առաջարկել իրանական օդային հարվածներից պաշտպանվելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին առաջարկել է աջակցություն ցուցաբերել իրանական օդային հարձակումներից պաշտպանվելու գործում։ Այս մասին Զելենսկին հայտնել է ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։


Զելենսկին X հարթակում գրել է, որ Նահյանի հետ քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ ԱՄԷ նախագահը նշել է, որ Իրանը թիրախավորում է ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ բնակելի շենքեր, առևտրի կենտրոններ և նույնիսկ մզկիթներ։


«Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք օգնել այս իրավիճակում և աջակցել կյանքերի պաշտպանության գործում։ Համաձայնության եկանք, որ մեր թիմերը կաշխատեն այս հարցի շուրջ», — գրել է Զելենսկին։


The Associated Press գործակալությունը հիշեցնում է, որ մարտի 1-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, թե ուկրաինացի և բրիտանացի փորձագետները համատեղ կաշխատեն՝ օգնելու Մերձավոր Արևելքի երկրներին խոցել իրանական անօդաչու թռչող սարքերը։


Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածներ են հասցնում Իրանին, իսկ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։