Խորվաթիան պատրաստ է ապահովել նավթի մատակարարումը դեպի Հունգարիա և Սլովակիա

Խորվաթիան կարող է նավթ մատակարարել Հունգարիային և Սլովակիային իր Adria խողովակաշարի միջոցով՝ փոխհատուցելու համար «Դրուժբա» խողովակաշարի աշխատանքի ընդհատումները։ Այս մասին հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, ում խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։


Ըստ Պլենկովիչի՝ Խորվաթիան ներկայումս բանակցություններ է վարում այդ երկու երկրների և Եվրոհանձնաժողովի հետ այս ծրագրի շուրջ։


«Խորվաթիան հարևան է, գործընկեր և բարեկամ, որն ապահովում է Հունգարիայի և Սլովակիայի տնտեսությունների էներգետիկ անվտանգությունն ու անխափան գործունեությունը», — նշել է նա։


Պլենկովիչը հավելել է, որ Adria խողովակաշարը տարեկան կարող է տեղափոխել մինչև 15 միլիոն տոննա նավթ, ինչը լիովին բավարար է Հունգարիայի և Սլովակիայի կարիքները հոգալու համար։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսազրույց է ունեցել սլովակ գործընկերոջ՝ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Կողմերը որոշել են ստեղծել քննչական հանձնաժողով՝ «Դրուժբա» խողովակաշարի վիճակն ուսումնասիրելու համար։


Politico պարբերականը փետրվարի 27-ին հայտնել էր, որ Օրբանը կարող է ևս մեկ պայման առաջ քաշել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու վետոն հանելու համար (բացի «Դրուժբայի» աշխատանքի վերականգնումից)։ Այնուամենայնիվ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում Օրբանն արդեն ակնարկել է, որ կարող է հետքայլ անել վարկի արգելափակման հարցում։


Adria խողովակաշարը սկիզբ է առնում խորվաթական Օմիշալ նավահանգստից (Կրկ կղզի) և հանդիսանում է ռազմավարական նշանակության ուղի Կենտրոնական Եվրոպայի համար՝ թույլ տալով ստանալ նավթ համաշխարհային շուկայից՝ շրջանցելով ռուսական մատակարարումները։