Փետրվարի 26-ին Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը մերժել է ԱՄՆ-ի պահանջները։ Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնը պահանջել է լիկվիդացնել Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտները՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում, ինչպես նաև Միացյալ Նահանգներին հանձնել հարստացված ուրանի ողջ պաշարը։ Թեհրանը կտրականապես մերժել է այս պայմանները։
Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրաթին հայտարարել է, որ WSJ-ի և New York Times-ի ստեղծած «մթնոլորտը» չի համապատասխանում բանակցությունների իրականությանը։
«Ուրանի հարստացումը կշարունակվի ըստ անհրաժեշտության, և Իրանից ոչինչ դուրս չի բերվի։ Դիտարկվում են այլ տարբերակներ, ներառյալ՝ հարստացված ուրանի նոսրացումը։ Իրանը ձգտում է պատժամիջոցների չեղարկմանը», — ընդգծել է Հազրաթին։
Չնայած լրատվամիջոցների հաղորդած բարդություններին, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատվիրակությունները հասել են «լավ առաջընթացի» և անցել են ապագա համաձայնագրի տարրերի առարկայական քննարկմանը։
Երկու երկրների թիմերը տեխնիկական հարցերի քննարկումը կսկսեն Վիեննայում՝ այս երկուշաբթի օրվանից։Բանակցությունների նոր բարձր մակարդակի փուլը նախատեսվում է անցկացնել մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում։