Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բաց նամակով դիմել է Վլադիմիր Զելենսկուն՝ պահանջելով վերսկսել «Դրուժբա» խողովակաշարի աշխատանքը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Դուք արգելափակել եք նավթամուղը, որը վճռորոշ նշանակություն ունի Հունգարիայի էներգամատակարարման համար։ Ձեր գործողությունները հակասում են մեր շահերին և վտանգի տակ են դնում հունգարական ընտանիքների հուսալի և մատչելի էներգամատակարարումը։ Հետևաբար, ես կոչ եմ անում ձեզ փոխել ձեր հակահունգարական քաղաքականությունը»,- գրել է նա իր X սոցիալական ցանցում։
Օրբանը մեղադրել է Զելենսկուն Հունգարիային հակամարտության մեջ ներքաշելու փորձի համար և ընդգծել, որ Բուդապեշտը պատասխանատվություն չի կրում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար և մտադիր չէ ֆինանսավորել ռազմական գործողությունները։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Բուդապեշտը նավթամուղի հետ կապված իրավիճակի պատճառով արգելափակել է հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթը և ԵՄ-ի կողմից Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը։