Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները շուրջ 300 կետով

Միացյալ Թագավորության կառավարությունը Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկն ավելացրել է ևս 297 կետով։ Այս մասին տեղեկացվում է կառավարության պաշտոնական կայքում հրապարակված ծանուցման մեջ։


Պատժամիջոցների տակ են հայտնվել 240 իրավաբանական և 7 ֆիզիկական անձինք, ինչպես նաև 50 նավեր։ Ցուցակում է հայտնվել նաև «Ռոսատոմ էներգետիկ նախագծեր» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Ռոժդեստվինը (Լոնդոնը սահմանափակումներ է մտցրել նաև հենց կազմակերպության դեմ)։ Նրանց ակտիվները Մեծ Բրիտանիայի տարածքում սառեցված են, իսկ ընկերություններին արգելված է նրանց ծառայություններ մատուցել։


Լոնդոնը սահմանափակումներ է կիրառել ինը ռուսական բանկերի նկատմամբ, այդ թվում՝ «Պոչտա բանկ», «Ֆորա բանկ», «Ակ Բարս բանկ», «Տոչկա բանկ», «Աբսոլյուտ» բանկ և «Տրանսկապիտալբանկ» (ТКБ):


Ռուսական ընկերություններից պատժամիջոցների տակ են հայտնվել «Ռոսատոմի» կառույցները, «Տրանսնեֆտը» և «Գազպրոմ ՍՊԳ Պորտովայա» ՍՊԸ-ն։ Նշվում է, որ «Տրանսնեֆտի» հետ գործառնությունները թույլատրված են մինչև ապրիլի 9-ը։


Հատկանշական է, որ ցանկում ներառված են նաև այլ երկրների ընկերություններ.


  • ԱՄԷ (142 ընկերություն)

  • Չինաստան (39)

  • Հնդկաստան (2)

  • Թաիլանդ (3)

  • Լեհաստան (Վարշավայում գտնվող «Alliance Capital» շինարարական ընկերությունը)


Սահմանափակումներ են դրվել նաև վրացական «Իմեդի» և «Postv» հեռուստաընկերությունների վրա։ Լոնդոնը այս քայլը հիմնավորել է նրանով, որ այդ լրատվամիջոցները տարածում են «ապատեղեկատվություն» Ուկրաինայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ երկրում առկա կոռուպցիայի վերաբերյալ։