Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հարցազրույց է տվել ադրբեջանական APA լրատվական գործակալությանը և մասնավորապես նշել, որ որպես ռազմավարական ակտոր՝ ԵՄ-ի շահերը տարածաշրջանում ավելի լայն են և չեն սահմանափակվում միայն բանակցությունների սեղանով... ԵՄ-ն աջակցում է Միության և Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ավելի լայն տարածաշրջանի միջև կապերի ամրապնդմանը, այդ իսկ պատճառով ուշադրությունը կենտրոնացրել է կապակցվածության օրակարգի վրա։
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական
խաղաղության գործընթացից բացի, սա ներառում է նաև տարածաշրջանային համագործակցություն,
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում... «Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այս գործընթացին»։
«ԵՄ-ն տարածաշրջանում լիակատար կարգավորման և հաղորդակցությունների բացման
հույս ունի՝ ներկայիս իրավիճակը դիտարկելով որպես Հարավային Կովկասի համար նոր պատմական
հնարավորություն... Որքան շատ խաղաղության գործընթացը կոնկրետ արդյունքներ տա և բարելավի
տեղի բնակչության առօրյա կյանքը, այնքան լավ։
Անվտանգության ոլորտում ներկայիս վիճակը բարելավվել է մինչև այն մակարդակի, որը դժվար կլիներ պատկերացնել ընդամենը մեկ կամ երկու տարի առաջ... Մինչև վերջերս բնակչությունը ապրում էր ռազմական դիմակայության վերսկսման մշտական ռիսկի պայմաններում, իսկ կողմերի միջև սահմանի երկայնքով գործնականում ամեն օր փոխհրաձգություններ էին տեղի ունենում... Կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ պայմանավորվածությունը, օրինակ՝ այն, որ սահմանապահները ծառայում են սահմանի նոր սահմանազատված հատվածում առանց զրահաբաճկոնների, սաղավարտների կամ ավտոմատ հրացանների համար լրացուցիչ փամփշտատուփերի, այս դրական և կայուն իրավիճակի կոնկրետ ապացույցն է։
Վերջին մի քանի ամիսներին մենք ականատես ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ
աննախադեպ կոնկրետ քայլերի, և ձեռք են բերվել իրական արդյունքներ։
Այնուամենայնիվ, համաձայն եմ, որ խաղաղության գործընթացի արդյունքները պետք է ավելի
հստակ շոշափվեն հասարակությունների կողմից»,- ասել է նա։
Անդրադառնալով ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգին՝ Գրոնոն նշել է, որ այդ փաստաթուղթը ընդգծում է Հայաստանի, տարածաշրջանի և ԵՄ-ի
միջև տրանսպորտային, թվային և էներգետիկ կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը. «Փաստաթուղթը կարևորում է ԵՄ-ի «Global Gateway» ծրագրի շրջանակներում
ռազմավարական ներդրումները, ինչպես նաև այնպիսի նախաձեռնություններին աջակցությունը, ինչպիսին է «Խաղաղության խաչմերուկ»-ը՝ տարածաշրջանային
կապակցվածության բարելավման, տնտեսական կայունության բարձրացման և առևտրի ու շարժունակության
համար նոր հնարավորություններ բացելու նպատակով»: