Իսլանդիայի իշխանությունները դիտարկում են Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացն ավելի վաղ վերսկսելու հնարավորությունը՝ կապված աշխարհաքաղաքական լարվածության աճի հետ։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ի սկզբանե իշխող կուսակցությունը նախատեսում էր գործընթացը վերսկսել մինչև 2027 թվականը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ հավակնությունների և նոր մաքսատուրքերի սահմանման ֆոնին, իշխանությունները մտադիր են հանրաքվեն տեղափոխել այս տարվա օգոստոսին։
«Կարծում եմ՝ այն փաստը, որ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի իր ելույթում չորս անգամ հիշատակել է Իսլանդիան, միանշանակ ուշադրություն է գրավել», — նշել է պարբերականի զրուցակիցը՝ բացատրելով երկրում առկա անհանգստության պատճառները։
Ըստ թերթի տվյալների՝ Իսլանդիայի խորհրդարանը քվեարկության ամսաթիվը կհայտարարի առաջիկա շաբաթների ընթացքում։ Նշվում է, որ նախաձեռնության հավանության դեպքում Իսլանդիան կարող է ԵՄ անդամ դառնալ ավելի արագ, քան մյուս թեկնածու երկրները, քանի որ այն արդեն իսկ հանդիսանում է Շենգենյան գոտու և Եվրոպական տնտեսական տարածքի անդամ։