Իրանը խոցելի դիրքում է․ պետք է օգտագործենք այդ պահը․ Կալլաս

Եվրոպական միությունը շարունակում է պնդել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես դիվանագիտական ուղով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։


Կալլասի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության հետագա խորացումը չի բխում որևէ կողմի շահերից, ուստի անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները քաղաքական լուծման հասնելու համար։ Նա նաև նշել է, որ առաջիկայում նախատեսվում են բանակցություններ Թեհրանի և Վաշինգտոնի միջև, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ գործընթացի վրա։


«Այս տարածաշրջանին ևս մեկ պատերազմ պետք չէ։ Իրանը ներկայումս առավել խոցելի իրավիճակում է, և մենք պետք է օգտվենք այս պահից՝ դիվանագիտական լուծում գտնելու նպատակով»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։


Եվրամիությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, ըստ որի՝ միջուկային հարցերի կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների և միջազգային համագործակցության շրջանակում։